Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։
Ավելի վաղ նաև Կրեմլի խոսնակն էր հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար։
«Ուրբաթ օրը Իսրայելի կողմից ձեռնարկված առաջին հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներում՝ Նաթանզում և Ֆորդոյում, նոր ավերածություններ չկան», - այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին՝ այս կազմակերպության կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։
Գրոսիի խոսքով՝ Նաթանզում ոչնչացվել են ուրանի հարստացման այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։
«Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնում ուրբաթ օրվա հարձակման հետևանքով չորս շինություն է վնասվել, այդ թվում՝ կենտրոնական քիմիական լաբորատորիան և ուրանի փոխակերպման գործարանը», - նշել է Գրոսին։
«Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել կողմերին։ Սեղանին են նաև այն առաջարկները, որոնք ներկայացրել էր նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռախոսազրույցի ընթացում», - նշել է Պեսկովը։
Պեկինը կոչ է անում Իսրայելի և Իրանի իշխանություններին դիվանագիտական միջոցներով հաղթահարել առկա տարաձայնությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Կոչ ենք անում հակամարտության կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման, տարածաշրջանում կայունությունը չխաթարելու և ճշմարիտ ուղուն վերադառնալու համար», - նշել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, - «Պեկինը մշտապես հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա խնդիրների խաղաղ լուծման օգտին»։