Մատչելիության հղումներ

Ավերածություններ Ապարանում. կա 5 տուժած


Ընդամենը 5 րոպեում քամին Ապարանում օդ է թռցրել 20 բազմաբնակարան շենքի տանիք, մոտ 90 սեփական տների տանիքներ, 3 դպրոցի ու 24 վարչական շենքերի ծածկեր է տարել, տապալել 70 էլեկտրասյուն, ավերել 30 մեքենա, արմատախիլ արել 100-ից ավելի ծառ:

Տեղի բնակիչներն ասում են՝ սարսափելի էր:

Ապարանը աղետի գոտի է հիշեցնում՝ փրկարար ծառայողներն են տեղում աշխատում՝ տապալված ծառերը մասնատում, հեռացնում, կախված տանիքները ապամոնտաժում։ Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ երեկ 16։10-ին են ահազանգ ստացել։ Ավելին քան 200 փրկարար է աշխատում տեղում։ Բարեբախտաբար, պտտահողմի հետևանքով զոհեր չեն եղել։ Մարդիկ հիմնականում տանն են եղել, որովհետև հզոր այդ քամուն նախորդել է կարկուտ։ Հինգ քաղաքացի վնասվածքներ են ստացել։ Քամին այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ պատշգամբ է պոկել, տարել, որտեղից որտեղ մի փայտ տարել, մտցրել է Թագուհի Ալեքյանի տուն։

Ապարանի համայնքապետարանը բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման գործը սկսել է այսօր առավոտից։ Համայնքապետ Կարեն Եղիազարյանը տեղեկացրեց՝ որ չեն սպասի, մինչև բոլոր վնասները հաշվառվեն, գույքագրվեն, ֆինանսական հատկացում լինի։ Որքան հնարավոր է՝ արագ փորձելու են վերացնել վնասը։ Քաղաքացիներից շատերն էլ ինքնուրույն են փորձում վերականգնել տանիքները։

Գազամատակարարումն արդեն վերականգնվել է։ Հոսանք, ասացին, այսօր ավելի ուշ կունենան։ Ի դեպ, զարմանալիորեն չէին վնասվել քաղաքի դիզայնի մաս կազմող փղերը։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG