Մատչելիության հղումներ

Չորրորդ օրն է՝ Իսրայելն ու Իրանը հարվածում են միմյանց

Լրացված

Իսրայել - Իրան հարվածների հետևանքները Թել Ավիվում, 16-ը հունիսի, 2025թ.
Իսրայել - Իրան հարվածների հետևանքները Թել Ավիվում, 16-ը հունիսի, 2025թ.

Արդեն չորրորդը օրն է՝ Իսրայելն ու Իրանը հարվածում են միմյանց, երկու կողմում էլ զոհեր, վիրավորներ կան: Գիշերը իրանական զինուժը հարվածել է Թել Ավիվին, Հայֆա քաղաքին, վնասվել են բնակելի շենքեր, նաև Թել Ավիվում ԱՄՆ դեսպանատան մասնաճյուղը:

Իսրայելն, իր հերթին, հայտնել է, որ կիրակի մոտ 20 թիրախի են հարվածել, այդ թվում՝ «Քուդս» ուժերի՝ Թեհրանում գտնվող հրամանատարական կենտրոններին: Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ևս չորս բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ հետախուզության պետին։

Էֆի Դեֆրինի պնդմամբ՝ Իսրայելի օդուժը հանգիստ գործում է Թեհրանի երկնքում, կշարունակի հարվածել արևելքում գտնվող միջուկային և հրթիռային օբյեկտներին և արդեն ոչնչացրել է «երկիր-երկիր» դասի հրթիռների մեկ երրորդը:

«Սրանք արձակման խոշոր կայաններ են, որոնցից մի քանիսը տեղակայված են բեռնատարների վրա: Յուրաքանչյուրը պետք է արձակեր տասնյակ հրթիռներ, որոնք կհարվածեին Իսրայելին և իսրայելական ակտիվներին», - հայտարարել է Դեֆրինը:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իսրայելը հարվածել է նաև Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին և Թեհրանի արևմուտքում գտնվող ռազմաբազայի:

Իսրայելի զինուժը բնակիչներին նաև զգուշացրել է տարհանվել Թեհրանի որոշ հատվածներից:

Ուրբաթ օրվանից սկսված հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 224, վիրավորվել՝ 1300-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում կա 24 զոհ, 590-ից ավելի վիրավոր՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր քննադատել է Իրանի ղեկավարությանը, սպառնացել, որ կշարունակեն հարվածները և ծնկի կբերեն Իրանին: Իսրայել Կացն ասել է, որ Թեհրանի բնակիչները շուտով ծանր գին կվճարեն, թեև հավելել է, որ խաղաղ բնակիչներին վնասելու մտադրություն չունեն:

«Թեհրանի ամբարտավան բռնապետը վերածվել է վախկոտ մի մարդասպանի, որը թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ փորձելով կանխել Իսրայելի Պաշտպանության բանակի կողմից իր ռազմական կարողությունների կործանումը», - հայտարարել է Կացը:

Հաղորդվում է, որ Իսրայելի ավելի ինտենսիվ դարձող հարվածների ֆոնին բնակիչներից շատերը դուրս են գալիս մայրաքաղաք Թեհրանից՝ ավելի ապահով վայրերում պատսպարվելու:

Շարունակվող հարվածների ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Իսրայելին: Միաժամանակ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելն ու Իրանը գործարքի կգնան և կթուլացնեն լարվածությունը. - «Հուսով եմ՝ համաձայնություն ձեռք կբերվի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ համաձայնության գան ... Երբեմն կողմերը ստիպված են լինում պայքարել, բայց տեսնենք, թե ինչ կլինի»։

Իսրայելի վարչապետը Fox News-ին ասել է, որ համաձայնության կգան, եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից: Խնդիրը, ըստ Բենյամին Նեթանյահուի, լարվածության թուլացումը չէ, այլ որ դադարեցվի այն ամենը, ինչը սպառնում է Իսրայելի գոյությանը:

Իրանի նախագահը պատասխանել է, որ մտադիր չեն միջուկային զենք ստեղծել, սակայն իրավունք ունեն միջուկային ծրագիրը զարգացնել խաղաղ նպատակներով և թույլ չեն տա, որ որևէ մեկը խլի այդ իրավունքը: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, ոչ էլ նախաձեռնել է այն, ապա շեշտել է՝ Իսրայելը ԱՄՆ-ի թույլտվությամբ է սկսել հարձակումը, և որքան սրի իրավիճակը, այդքան ավելի կոշտ պատասխաններ կստանա:

«Մենք ոչ մի կերպ չենք ձգտում ընդլայնել պատերազմը, բայց ... մինչ այժմ համարժեք պատասխաններ են տրվել: Որքան նրանք փորձեն սրել իրավիճակը, բնականաբար, պատասխանները կդառնան ավելի կոշտ և դաժան», - հայտարարել է Փեզեշքիանը:

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի Իսրայելի հարձակումները: Mehr-ի փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային ասել է, որ այս պայմաններում զսպվածություն պահանջելը պարզապես երեսպաշտություն է:

«Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ. դա պատերազմ է մարդկության դեմ։ Այս պատերազմը հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրությանը, օրենքի գերակայությանը և բոլոր այն արժեքներին, որոնց համար մարդկությունը պայքարել է», - ընդգծել է Բաղային:

Նա նաև հայտնել է, որ Իրանի խորհրդարանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու օրինագիծ է պատրաստում, թեև Թեհրանը շարունակում է դեմ լինել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:

Ու մինչ Իրանն ու Իսրայելը հարվածում են միմյանց, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ուսումնասիրում է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը: Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին այսօր արտահերթ նիստի ժամանակ հայտնել է, որ առաջին հարվածներից հետո Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում նոր ավերածություններ չկան: Նաթանզում ոչնչացվել են այն արտադրամասերը, որոնք ստորգետնյա չէին։

«Բուշերի ատոմակայանը, նաև Թեհրանի հետազոտական ռեակտորը վերջին հարձակումներից չեն տուժել: Սպահանի ատոմակայանում … վնասվել է չորս շենք», - ասել է ԱԷՄԳ ղեկավարը:

Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջարկել են միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ ասել է, որ կապի մեջ են Իրանի և Իսրայելի հետ, խնդիրը քննարկում են նաև ԱՄՆ-ի հետ:

Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը ցանկանում է բանակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ և արաբական միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկում, որպեսզի դադարեցվի պատերազմը: Թեև ըստ Tasnim գործակալության՝ Հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ պատրաստ են երկարատև պատերազմի:

Ռազմական գործողությունների ֆոնին իրանական ռիալն ԱՄՆ դոլարի նկատմամբ 10 տոկոսի անկում է գրանցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG