Մատչելիության հղումներ

Իրան - Իսրայել առճակատումը չի հանգուցալուծվում արդեն հինգերորդ օրը


Իրան - Իսրայելի հարվածից հետո Թեհրանի կենտրոնից ծուխ է բարձրանում, 16-ը հունիսի, 2025թ.
Իրան - Իսրայելի հարվածից հետո Թեհրանի կենտրոնից ծուխ է բարձրանում, 16-ը հունիսի, 2025թ.

Իրանի և Իսրայելի միջև առճակատումը չի հանգուցալուծվում արդեն հինգերորդ օրը, կողմերը շարունակում են հարվածել միմյանց: Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի տարբեր հատվածներ, կան ավերածություններ, տուժածների մասին չի հաղորդվում: Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը պնդում է, որ այսօր հարվածել է Իսրայելի Հետախուզության և հատուկ գործողությունների ինստիտուտի՝ «Մոսադ»-ի օպերատիվ կենտրոնին, ապա զգուշացնում է, որ ավելի ինտենսիվ հարձակումներ կլինեն:

Իսրայելը ևս հարվածել է Թեհրանին, հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացել են նաև Նաթանզում, որտեղ միջուկային օբյեկտ կա: Իսրայելի զինուժը պնդում է, որ գիշերը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին: Թեհրանը չի հաստատել տեղեկությունը: Իսրայելը երեկ էլ հարվածել էր Իրանի Հանրային հեռուստաընկերությանը:

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեկ հեռախոսազանգով կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները: Ըստ Աբբաս Արաղչիի՝ դա կօգնի վերադառնալ դիվանագիտությանը:

«Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն», - ասել է Արաղչին:

Իսրայելի վարչապետն էլ ասել է, թե չի զարմանում, որ Իրանը ցանկանում է դադարեցնել կրակը, քանզի իրենք մեծ վնաս են հասցնում Իրանին: Ըստ Բենյամին Նեթանյահուի՝ հրադադարն Իրանին հնարավորություն կտա միջուկային զենք ստեղծել և շարունակել հրթիռների արտադրությունը, որոնք, նրա պնդմամբ, սպառնում են Իսրայելի գոյությանը և պետք է վերացվեն:

«Մենք պարտավոր ենք վերացնել այս երկու սպառնալիքները ... Մենք 60 օր ժամանակ տվեցինք։ Այդ ընթացքում, երբ Իրանը բանակցում էր ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ, Իրանի բռնապետ այաթոլան Իսրայելը ոչնչացնելու ուղիներ էր փնտրում», - հայտարարել է Նեթանյահուն:

ABC-ին էլ Նեթանյահուն ասել է, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելը վերջ կդնի հակամարտությանը: Իսրայելի պաշտպանության նախարարն, իր հերթին, զգուշացրել է, որ այաթոլա Ալի Խամենեին կարող է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ:

«Մեծ յոթնյակի» երկրները երեկ կոչ են արել հրաժարվել ռազմական գործողություններից, շեշտել, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ունենա, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։

ԱՄՆ նախագահն, իր հերթին, Թեհրանի բնակիչներին հորդորել է տարհանվել: Ավելի ուշ հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում, և քանի դեռ ուշ չէ, պետք է արագ նստի բանակցությունների: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Իրանը գործարքի համար 60 օր ուներ, սակայն բաց թողեց այդ հնարավորությունը:

«Նրանք պետք է գործարք կնքեն։ Դա ցավոտ է երկու կողմերի համար էլ։ Բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում, և նրանք պետք է բանակցեն, և պետք է բանակցեն անմիջապես, քանի դեռ շատ ուշ չէ», - ասել է Թրամփը:

Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ բանակցությունների հարցով դեռ չի խոսել Իրանի ղեկավարության հետ, և եթե Թեհրանը ցանկանում է խոսել, ապա գիտի, թե ինչպես: CBS-ի հետ զրույցում էլ նշել է, թե ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի, ապա կանխատեսել է, որ Իսրայելը չի թուլացնի իր ռազմական հարձակումը։

Այս ֆոնին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իրենց գործողություններն ինքնապաշտպանական և կանխարգելիչ բնույթի են, որոնց շնորհիվ Իրանի միջուկային ծրագիրը որոշ ժամանակով հետ է ընկել: Դանի Դանոնը վստահեցրել է՝ Իսրայելը կշարունակի հարվածել:

«Պետք է հասկանալ, որ մեր հարևանությամբ, ցավոք, կան որոշ ... արմատական տարրեր, որոնք Իսրայելը քարտեզից ջնջելու տեսլական ունեն, և մենք պատրաստ ենք կանգնեցնել նրանց», - հայտարարել է Դանոնը:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ Իսրայելին քննադատել է Հանրային հեռուստաընկերության և խաղաղ բնակիչների վրա հարձակման համար՝ ասելով, որ դա միջազգային իրավունքի խախտում է: Ամիր-Սայիդ Իրավանին նշել է, որ Իրանը ստիպված է պաշտպանվել, ապա ԱՄՆ-ին սպառնացել հետևանքներով՝ Իսրայելին աջակցելու համար:

«Առանց ԱՄՆ զենքի, հետախուզության և քաղաքական աջակցության այս հարձակումը չէր կարող տեղի ունենալ։ ԱՄՆ-ը կիսելու է այս անօրինական գործողության պատասխանատվությունը», - պնդել է իրանցի դիվանագետը:

Հակամարտության սրացման ֆոնին Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73.57 դոլարի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG