Մատչելիության հղումներ

Վարչապետը լռում է, բայց եկեղեցու մասին նրա գրառումները վերլուծում են մասնագիտական խմբերը


Ամենայն Հայոց կաթողիկոս և վարչապետ Նիկոլ Փաշինյան, նոյեմբեր, 2018թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս և վարչապետ Նիկոլ Փաշինյան, նոյեմբեր, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորրորդ օրն է՝ ոչ մի գրառում չի արել Վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների մասին, չկան նաև սաղմոսները: Բայց վարչապետի գրառումները վերլուծելու համար այժմ էլ գործի են անցել մասնագիտական խմբերը:

Այսօր մի սեղանի շուրջ իրավական ոլորտի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչներ էին հավաքվել, նախ լսեցին քննարկմանը ներկա հոգևորականներին: Մայր Աթոռի դիվանապետը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններին տրվի իրավական գնահատական:

«Իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որն ի վիճակի է այդպիսի բառապաշար ու խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլև ընդհանրապես որևէ անձի նկատմամբ», - ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազան Խաչատրյանը:


Վարչապետի գրառումները ոչ միայն «անպարկեշտ են, այլ նաև հանցավոր», պնդեց քննարկման մասնակիցներից փաստաբան Արմինե Ֆանյանը: Նա ընթերցեց այդ գրառումներից մի քանիսը և պնդեց՝ իր գնահատմամբ՝ Հայաստանի ղեկավարի արարքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի երկու հոդվածներին՝ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն և ատելություն, անհանդուրժողականություն հրահրելուն:

«Նիկոլ Փաշինյանը պնդում է կատարում, որ ինքը հավաքագրել է այլ անձի անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն: Մի պահ վերանանք այն հանգամանքից՝ իրականություն է դա, թե ոչ, բայց ըստ էության, նրա խոսքում հստակ երևում է, որ նա, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, անձանց մասնավոր կյանքի մասին հավաքել և պահում է տեղեկություններ, ոչ միայն պահում է, այլև դրանք հասանելի է դարձրել լայն հանրության շրջանակներին», - ասաց փաստաբանը:

Կառավարության ղեկավարը երկու շաբաթ ամեն օր եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսեց վիրավորանքներով, հետո պահանջեց, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդեց, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրեց:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մայր օրենքի մի քանի հոդվածներ թվարկեց ու պնդեց՝ Փաշինյանը, շրջանցելով սահմանադրական արգելքները, միջամտում է եկեղեցու գործերին: Իսկ հակադարձումներին, թե եկեղեցին էլ պետության գործերին է միջամտում, մասնագետը, կրկին սահմանադրական կարգավորումներին հղում անելով, շեշտեց՝ եկեղեցականներն ազատ են իրենց կարծիքն ազատ արտահայտելու, իշխանությանը քննադատելու հարցերում:

«ՀՀ օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը ասենք՝ անալոգիայի կարգով, ինչպես դատավորների հետ կապված, սահմանի, որ եկեղեցական գործիչները քաղաքական չեզոքության կամ զսպվածության պահանջի ներքո են գտնվում: <> Պետությունն իրավունք չունի, եկեղեցու սպասավորներն իրավունք ունեն ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը», - ասաց նա:

Վարչապետն ասում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կուսակրոնության հարցն իրեն հուզում է որպես Հայ Առաքելական եկեղեցու ջերմ հետևորդ: Բայց Վեհափառի մասին գրառումները տեղադրում է իր՝ ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունեցող Ֆեյսբուքի պաշտոնական էջում: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը կարծում է՝ Փաշինյանը, վարչապետի կարգավիճակը չարաշահելով, առաջնորդում է եկեղեցու դեմ արշավը: Որպես նախկին օմբուդսմեն հիշեցում է՝ սա հին արմատներ ունի:

«Անընդհատ փորձում են թաքնվել ինչ-որ հասկացությունների տակ: Ընդամենը անօրինակությունների տակ ծածկվելու փորձ են անում, նրանք դա անում են իշխանական ազդեցություններն օգտագործելով», - հավելեց Թաթոյանը:

Վարչապետը դեռ չի հայտնել՝ կաթողիկոսին հեռացնելու և նոր կաթողիկոս ընտրելու հարցով ստեղծվելիք խմբում ովքեր են ցանկանում ընդգրկվել, և այդ 10 հոգուն ընտրելուց հետո ինչ առաջադրանքներ են նրանց տրվելու: Մայր Աթոռում համոզմունք ունե՞ն, որ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին հեռացնելու հարցում հաջողության չի հասնի, Արշակ սրբազանն ասաց՝ մարգարե չէ, բայց և հավելեց՝ ձեռքները ծալած, նստած չեն:

Որ Վեհափառին փոխելու Նիկոլ Փաշինյանի օրակարգը կձախողվի, Շիրակի թեմի առաջնորդը կասկած չունի:

Այսօրվա քննարկման նախաձեռնողներն ու մասնակիցները նաև համատեղ հայտարարություն ընդունեցին՝ պնդելով, թե եկեղեցու դեմ քայքայիչ արշավը պետք է կանխել:

Առավել մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG