«Հայաստան» խմբակցության հայտարարությունը՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարություն է տարածել:

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը», - ասված է հայտարարությունում։

«Հայաստան» խմբակցությունն ընդգծել է՝ «տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»։

Նախօերին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց Կարապետյանի առանձնատանը: Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել առանձնատնից և հեռացել

Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց ժամեր անց, ԱԱԾ-ականները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը