«Ես մոռացա, մի վայրկյան», «էն տոպրակը բեր», - իր անվտանգության աշխատակցի ականջին շշնջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քիչ անց լրագրողներին ցույց տալիս, թե ինչի վրա է հիմնվում, երբ թունդ բառապաշարով ստատուսներ է գրում հոգևոր իշխանության մասին. - «Համաբարբառ կանոնագիրք հայոց: Այ էս, էս, էս և ահա էս գրքերի մեջ է սահմանված»:
Եկեղեցական կանոնագրքերն են վարչապետի վերջին օրերի սեղանի գրքերը: Այսօր առավոտյան 6-ն էլ չկար, երբ նա սոցցանցում արդեն մեջբերումներ էր անում այս կանոնագրքից. ասելիքն անփոփոխ է՝ ուխտը խախտողը պիտի կարգալույծ լինի, նորությունն այն է, որ կաթողիկոսից բացի, ըստ Փաշինյանի, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն էլ է կուսակրոնությունից շեղվել, ապացույցներ ունի. - «Եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատե՞լ, որ չեն վիճարկում իրենք դա ... Իրենք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում»:
Նիկոլ Փաշինյանն առայժմ չի բացահայտել, թե որտեղից է ստանում այդ ապացույցները, այսօր էլ հայտարարեց՝ եթե իր պնդումները դատարանում վիճարկող լինի, կներկայացնի դրանք: Ինչո՞ւ է հիմա հիշել հոգևորականներին, ասաց՝ նախկինում էլ լսել էր այդ մասին, չէր հավատում. - «Երկար ժամանակ ես չեմ հավատացել էդ լուրերին, որովհետև ես ուղղակի չեմ մտածել, որ էդպիսի բան կարող է լինել»:
Ու հիմա լռել չի կարողանում՝ որպես հավատացյալ. հենց այդպես է ներկայանում վարչապետը, երբ խոսքն Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելու իր նախաձեռնության մասին է: Վստահ է՝ առանց բախումների Վեհարանը կազատի Վեհափառից, «քրիստոնեական սիրո վրա հիմնված քայլերով». - «Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի, ինքը կմերժի»:
Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հաստափոր նույն գրքերով խորհրդարանական ամբիոնի մոտ էր:
«Ո՞նց կարանք մենք թույլ տանք, որ Վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ո՞նց կարանք մենք դա հանդուժենք», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետը:
Համաձայն չէ, որ եկեղեցու գործերին խառնվելը իր գործը չէ. - «Ժողովուրդ ջան, էդ մեր եկեղեցին է, ո՞նց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում, էդ մեր եկեղեցին է, էս մեր ուխտն է, էս մեր ավանդույթն է»:
Ի դեպ, Փաշինյանը մեջբերումներից բացի թեմատիկ տեսանյութ էլ է տարածում. այդտեղ հինգ աբեղաներ Մայր Աթոռում կուսակրոնության կարգն են ընդունում՝ «Հանձն եմ առնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը», ու վերջում ուխտագիր ստորագրում:
«Ուխտը եկեղեցու առաջ է և Աստծո առաջ է, այսինքն՝ եկեղեցին Հիսուսի արյունից է, և ուխտը եկեղեցու և Աստծո առաջ է». - Պետհամալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, կրոնագետ Վարդան Խաչատրյանը պնդում է՝ հոգևորականի ուխտի հովանավորը Աստված է, վարչապետը չէ, կաթողիկոսն էլ ընտրվեց՝ Աստծո կամքն է:
«Էդտեղ գործում է Աստված՝ ուղղակի, այսինքն՝ ընտրությունը պատկանում Աստծուն, եթե Աստված չի կամենում, որևէ մեկը չի կարող ընտրվել, որովհետև Աստծո ձեռքին է ամեն ինչ: Եթե նա ընտրվել է ձայների մեծամասնությամբ, ուրեմն դա Աստծո կամքն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Ըստ կրոնագետի՝ այս հարցերը քննելը ժամանակավոր իշխանության գործը չէ. - «Եթե դուք բացում եք կմախքներով առլեցուն պահարանը, առաջին հերթին դա լցվում է ձեր վրա»:
Ոչինչ չի կանգնեցնի վարչապետին՝ նա արդեն այնքան է խորացել դավանաբանական, կանոնական, կրոնական գրականության մեջ, որ թիմակիցները նրան հենց այդպիսի հարցեր են ուղղում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ: Արուսյակ Ջուլհակյանը Գրիգոր Լուսավորչի զավակների վերաբերյալ տեղեկատվություն էր խնդրում, Ռուբեն Ռուբինյանը կանոնագրքից պարզաբանում էր ուզում, և Նիկոլ Փաշինյանն ուներ բոլոր հարցերի պատասխանները՝ հղումներով.
«Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարկավագը եթե պոռնկության մեջ կամ երդմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն ... »:
«Ասում ա՝ եթե տանտիկին պահի, կարգալույծ լինի, այսինքն՝ քննարկման տեղ չի թողում ... »:
Փաշինյանը բոլոր հղումներից միայն մեկ եզրահանգում ունի՝ Հայ Առաքելական եկեղեցին պիտի ազատվի, իր բառով՝ սրբապիղծներից:
«Ինքը կամակատար է, ինչ ասում են՝ այն կատարում է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, դիտարկմանը՝ «կարծում եք՝ Ադրբեջանի պատվերով է այս ամենը, թելադրանքով», արձագանքելով. - «Այո, Ադրբեջան չէ, Թուրքիա»:
Գուգարաց թեմի առաջնորդն այս ամենն անվանում է ցնորամտություն ու վստահ պնդում, թե Ամենայն Հայոց կաթողիկոսը չի հեռանալու, մոռացեք. - «Նման բան չի լինելու»: