Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Փաշինյանը պաշտոնից ազատեց արդեն 5-րդ ԱԱԾ տնօրենին


Առավոտյան Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Պատճառների մասին ոչ մի խոսք, ինչպես նաև ոչ մի պարզաբանում՝ արդյոք ինքը Աբազյանն է հրաժարականի դիմում գրել, թե վարչապետն է նրան ազատել: Այսօր խորհրդարարանում ուղիղ հարցին, թե ինչու է Աբազյանն ազատվել պաշտոնից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ հիմնավորում չբերեց, պարզապես ասաց՝ ժամանակն է, որ Աբազյանը հանգստանա:

Աբազյանի հեռացումը հետևում է Հայ Առաքելական եկեղեցու վերնախավի հետ իշխանության հակասություններին և Եկեղեցուն աջակցություն հայտնած գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը: Արդյոք այս հանգամանքներն են եղել պատճառը, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց, բայց փաստացի նաև չհերքեց՝ նշելով, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը կապ ունի բոլոր այդ հարցերի հետ. «Ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ԱԱԾ տնօրենի աշխատանքն առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն, ինչ վերաբերում է անվտանգությանը»:

Արդյոք ԱԱԾ-ն մասնակցե՞լ է երեկ Սամվել Կարապետյանի տան մոտ տեղի ունեցած գործողություններին, այս հարցին հստակ պատասխան չկա, սակայն երեկ հիմնական իրադարձություններին մասնակցել է Ոստիկանությունը և ոչ ԱԱԾ-ն: Երեկ միայն «Հրապարակ» օրաթերթն էր ցերեկային ժամին մի տեսանյութ հրապարակել վերնագրով, որ ԱԱԾ հատուկ ջոկատայինները Սամվել Կարապետյանի տան մոտ են: Տեսանյութում երևում է մեքենա, որում երկու դիմակավորված անձինք են, նրանցից մեկի թևքին նշմարվում է ԱԱԾ գրությունը: Բայց ովքեր են մեքենայում, արդյոք երեկվա գործողություններին ի վերջո ԱԱԾ-ն մասնակցել է, թե ոչ, այս հարցին պատասխան չկա: Հետագա տեսանյութերում արդեն ԱԱԾ համազգեստով անձինք տարածքում չեն երևում:

ԱԱԾ մամուլի խոսնակն այսօր հարցին չպատասխանեց, ուղղորդեց այդ հանգամանքը ճշտել քրեական վարույթը հարուցած Քննչական կոմիտեից: Քննչական կոմիտեն իր հերթին հորդորեց դիմել ԱԱԾ-ին: Ոստիկանությունը ևս ԱԱԾ-ի մասնակցության մասին ոչինչ չի հաղորդում, նշելով միայն, որ ցերեկը Սամվել Կարապետյանի տան մոտից մոտ 4 տասնյակ մարդկանց բերման ենթարկելը ոստիկանությունն է իրականացրել, և այդ մարդիկ արդեն ազատ են արձակվել:

Ուշ գիշերն արդեն Սամվել Կարապետյանի տուն է ժամանել փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, և հենց նա էլ Սամվել Կարապետյանին հասցրել ոստիկանություն, ինչից հետո էլ նա ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել
իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը ասում է՝ չի կարող Աբազյանի փոխարեն ասե՝ կապ ունի՞ այս պաշտոնանկությունը Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ, թե ոչ, բայց չի բացառում, որ դա էլ դերակատարություն ունեցել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ իրենց համար դեռ օրերս պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ է պարզ դարձել, որ Աբազյանը հեռանալու է, երբ վերջինս արձագանքել էր Նիկոլ Փաշինյան- կաթողիկոս հակադրությանը:



Արմեն Աբազյանը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք 5-րդ ու ամենաերկարն այդ պաշտոնը զբաղեցրած ԱԱԾ պետն էր.
նա պաշտոնը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտի նախօրեին և ղեկավարում էր Ազգային անվտանգության ծառայությունը ամենալարված իրադարձությունների օրերին, երբ նոյեմբերի 9-ից հետո ցուցարարները կառավարության շենք ու Ազգային ժողով էին մտել, երբ ծեծի էր ենթարկվել այն ժամանակ դեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընտրությունների, բողոքի ցույցերի, ադրբեջանական հարձակումների ու Արցախի հայաթափման ժամանակ:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG